Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Իշխանություններին քննադատող որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ ՀԱԿ-ը, դեմ չէ սահմանի բացման գաղափարին»

«Իշխանություններին քննադատող որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ ՀԱԿ-ը, դեմ չէ սահմանի բացման գաղափարին»
02.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԺԿ վարչության անդամ և կուսակցության քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Հարությունյան, առաջին բանը, որ հանրային որոշակի հետաքրքրություն առաջացրեց, Ձեր կուսակցության հայտնի ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանի հեռանալն էր Հայաստանից։ Այնուամենայնիվ, նրա մեկնման պատճառները մնացին չպարզաբանված։ Ի՞նչ կասեիք այս առնչությամբ։
-Սպառիչ պարզաբանում, իմ կարծիքով, եղել է։ Ռուզան Խաչատրյանը Հայաստանից հեռացել է մասամբ ընտանեկան հանգամանքների բերումով։ Թեպետ որոշ լրատվամիջոցներում եղան բացարձակապես իրականությանը չհամապատասխանող «մեկնաբանություններ», թե, իբր, Ռուզան Խաչատրյանին Ստեփան Դեմիրճյանը տվել է նամակ թե տեղեկանք, որ, իբր, իշխանություններն ահաբեկել են նրան, սպառնալիքներ են եղել երեխայի հետ կապված։ Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, Ստեփան Դեմիրճյանն այդպիսի բովանդակությամբ ոչ մի նամակ չի տվել։
-Այսինքն՝ Ռուզան Խաչատրյանի մեկնման պատճառները զուտ անձնակա՞ն են։
-Նայած ինչ տեսանկյունից ենք դիտարկում խնդիրը։ Իհարկե, պարզ է, որ ոչ ոք հենց այնպես չի լքի իր հայրենիքը, եթե դրա համար չունենա հիմնավոր պատճառներ։ Ռուզան Խաչատրյանի պարագայում պատճառները, թերևս, նույնն են, ինչ մեր բազմահազար հայրենակիցների դեպքում, որոնք Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական կացությունից, անարդարություններից հուսախաբ են լքում հայրենիքը։ Անշուշտ, նաև փաստ է, որ 2004-ի ապրիլյան իրադարձություններից հետո, ինչպես նաև 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո, Ռուզան Խաչատրյանի, ինչպես և ընդդիմության այլ ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների կողմից եղել են հալածանքի, ճնշման հստակ, ակնհայտ դրսևորումներ։
-Ի՞նչ ազդեցություն կունենա նրա հեռանալը ՀԺԿ-ից՝ կուսակցության հետագա քաղաքական դիրքորոշումների առումով։ Հնչել են կարծիքներ, թե ՀԱԿ-ի կազմում ՀԺԿ-ի կողմնակիցների թևը Ձեր կուսակցության մեջ այժմ կթուլանա։
-Նախ` սկսենք նրանից, որ ՀԺԿ-ում թևեր գոյություն չունեն։ Անշուշտ, Ռուզան Խաչատրյանը եղել է մեր նվիրված համախոհը, և մենք շատ ենք ափսոսում, որ նա այդպիսի որոշում է ընդունել։ Սակայն յուրաքանչյուր մարդու անձնական գործն է ընտրել այն երկիրը, ուր ցանկանում է բնակվել, պատճառների հետ կապված էլ պարզաբանումներ տրվել են։ Հայ ազգային կոնգրեսի կազմում ՀԺԿ-ի գործունեությունը երբեք պայմանավորված չի եղել անձերի դիրքորոշմամբ։ Դա ամբողջ կուսակցության որոշումն է, և մենք շարունակելու ենք ՀԱԿ-ի կազմում մեր դաշնակից կուսակցությունների հետ պայքարել, որպեսզի Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն, վերականգնվի սահմանադրական կարգը։
-Վերադառնանք հենց պայքարին. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, կրկին ընդմիջում վերցրեց, և ՀԱԿ-ն առաջիկայում, կարծես, չի պատրաստվում ակտիվ գործողությունների, թեպետ կանխատեսվում էր, որ քաղաքական աշունը թեժ է լինելու։
-Ընդմիջում վերցնելու մասին խոսք չի եղել, պարզապես չի նշվել ՀԱԿ-ի հաջորդ հրապարակային միջոցառման կամ հանրահավաքի ժամկետը, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող տեղի ունենալ ցանկացած պահի։ Լևոն Տեր-Պետրոսյանը, հանրահավաքում ելույթ ունենալով, ներկայացրեց ՀԱԿ-ի մոտեցումները, որոնց ես լրիվ համամիտ եմ։ Իշխանափոխության խնդիրը շարունակում է մնալ օրակարգում, պարզապես անցած ժամանակահատվածը միաժամանակ ցույց տվեց, որ անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի և, առհասարակ, իշխանությունների գործողությունների հետ համակերպվել չցանկացող հասարակական ներուժի միավորում։
-Սակայն, ի տարբերություն ՀԱԿ-ի, այսօր դաշնակցությունն է հանդես գալիս ավելի արմատական կարգախոսներով։
-Ինչո՞ւ։ Եթե անդրադառնալու լինենք ղարաբաղյան հարցին և հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակին, ապա ՀԺԿ-ն, իսկ հետագայում՝ ՀԱԿ-ը, կարելի է ասել, որ առաջինն են մատնանշել ստեղծված վտանգները։ Դեռևս տարիներ առաջ մենք պնդում էինք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը ցանկացած դեպքում չպետք է փոխարինի Լեռնային Ղարաբաղին։ Որովհետև հակամարտությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է, Հայաստանն այդ ամենին միջամտել է հարկադրված, իբրև հակամարտության երրորդ կողմ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Անցած տասը տարիներին Հայաստանի իշխանությունները քայլ առ քայլ Ղարաբաղին դուրս մղեցին բանակցային գործընթացից, դրա վկայությունն է Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը, որտեղ զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ է, որ ԼՂՀ-ն ամրագրված չէ իբրև հակամարտության կողմ։ Այսինքն՝ այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել Հայաստանը, ինչը ռազմավարական կոպիտ սխալ է։ Այդ սխալը հետևանք է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության։ Ժամանակին, երբ մենք այդ մասին ահազանգում էինք, ՀՅԴ-ն իշխանության մեջ էր, կոալիցիայի մեջ։
-Տպավորությունն այնպիսին է, թե խանդի դրսևորում կա ՀԱԿ-ի շրջանակներում՝ դաշնակցության՝ ընդդիմություն անցնելու կապակցությամբ։
-Բացարձակապես։ Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվեր, թե մենք խնդիրներ ունենք այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Ցանկացած քաղաքական ուժ, որ հայտարարում է, թե ինքն ընդդիմություն է գործող իշխանությանը ու փորձում է գործով ապացուցել դա, մեզ համար պոտենցիալ դաշնակից է։ Եթե անգամ այդ հարաբերությունները չհանգեն քաղաքական դաշինքի, միևնույն է, եթե այդ ուժը պայքարում է իշխանության դեմ, նրա գործելակերպը դրանով իսկ ընդունելի է մեզ համար։ Դաշնակցությունն այսօր պահանջում է արտգործնախարարի հրաժարականը։ Արտգործնախարարը, սակայն, միայն չինովնիկ է, որը կատարում է նախագահի պաշտոնն զբաղեցրած մարդու կամքը։ Եթե նա համաձայն չէ այն քաղաքականության հետ, որ վարում է Սերժ Սարգսյանը, կարող էր վաղուց ինքնակամ հրաժարական տալ։ Եթե չի դիմում այդ քայլին, նշանակում է՝ ճիշտ է համարում այն ուղեգիծը, որը վարում է Սերժ Սարգսյանը։ Հետևաբար, նրա հրաժարականը գործնականում ոչինչ փոխել չի կարող։ Այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե համակողմանի ենք մոտեցել հարցին և դնում ենք իշխանափոխության խնդիր, որի դեպքում միայն երկրի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ հնարավոր են արմատական փոփոխություններ։
-Ընդունեք, սակայն, որ «Ժառանգությունն» էլ այսօր ՀՅԴ-ի հետ նույն դիրքերից է հանդես գալիս։
-«Ժառանգությունն» ի սկզբանե իր քաղաքական դիրքորոշմամբ կանգնած է եղել ՀԱԿ-ի կողքին։ Չեմ կարծում, թե այսօր իրենց դիրքորոշումը տարբեր է մերից։ Նրանք նույնպես պահանջում են ամբողջական իշխանափոխություն, այսինքն՝ համակարգային փոփոխությունների իրականացում ամբողջ կառավարման համակարգում։ Բայց ես կուզեի ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որ իշխանություններին քննադատող որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ ՀԱԿ-ը, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, դեմ չէ սահմանի բացման գաղափարին։ Նույն դաշնակցությունը դրան դեմ չէ։ Խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է տեղի ունենալու հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, կամ սահմանի բացման դիմաց Հայաստանն ինչ գին է վճարելու։ Այն գինը, որ պատրաստ են վճարել Հայաստանի իշխանությունները, անընդունելի է մեզ համար։ Եթե հայտարարվում է, որ Հայաստանը գնում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, ուրեմն իշխանությունները գոնե պիտի բարի լինեն հետևողական լինել սեփական հայտարարությունների իրականացման մասով։ Փաստ է, որ նախկինում Թուրքիայի առաջադրած գրեթե բոլոր նախապայմանները, քողարկված վերաձևակերպումներով, առկա են այդ փաստաթղթերում։ Սա, կարծում եմ, չի կարող ընդունելի լինել Հայաստանի անվտանգությամբ մտահոգ մեր երկրի քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների համար։
-Միգուցե իշխանությունը գլոբալ խա՞ղ է խաղում, որպեսզի այդ ձևով խուսափի հայ-թուրքական արձանագրությունների վերջնական ստորագրումից կամ վերահաստատումից։
-Գիտե՞ք ինչ, ես չեմ ուզում տեսական ենթադրությունների մեջ մտնել։ Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան թափանցիկ ակնարկել են, որ իրենք պատրաստ են դա ստորագրել։ Հիմնական իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ամբողջությամբ այդ գործին է լծված։ Հեռուստատեսությամբ օրերս փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը լեզվի սայթաքում թույլ տվեց, նշելով, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ու վերահաստատումից հետո նախատեսվում է նաև այլ փաստաթղթերի ստորագրում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Այսինքն՝ սա նախապատրաստված գործընթաց է, որտեղ Հայաստանի իշխանություններն ընդամենը կամակատար են։ Խոշոր տերությունները, որոնց շահերից է բխում հայ-թուրքական սահմանի բացումը, ինչ ասում են նրանց, այն էլ անում են։
-Եթե ելնենք այդ տրամաբանությունից, կնշանակի իշխանության դիրքերն արտաքին աշխարհում այդպիսով ամրապնդվելու են։ Այսինքն՝ իշխանությունը դրսից կունենա բավարար աջակցություն իր դիրքերը պահելու համար։ Այդ դեպքում ընդդիմությունն ինչպե՞ս պետք է հասնի իշխանափոխության։
-Չեմ ժխտում, որ արտաքին ուժերին ձեռնտու է այսպիսի իշխանության գոյությունը, որի միջոցով առանց խոչընդոտների կարող են հասնել իրենց նպատակներին։ Բայց արտաքին գործոնի ազդեցությունը հայաստանյան գործընթացներում, իր ողջ նշանակությամբ հանդերձ, վճռորոշ չէ։ Այսինքն՝ արտաքին աշխարհը չի որոշում, թե մենք մեր երկրի ներսում ինչպես պետք է ապրենք, եթե մեր ժողովուրդը ցանկություն ունի ստեղծելու ազատ, անվտանգ, իրավական պետություն։ Հայաստանի ներքին զարգացումների ճակատագիրը կախված է ոչ թե արտաքին պարտադրանքներից, այլ Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից։
Կարծում եմ՝ բոլոր այս զարգացումներում իրենց խոսքը կասեն նաև սփյուռքի մեր հայրենակիցները։ Որովհետև Հայաստանի իշխանությունները, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմամբ, արդեն իսկ հարվածի տակ դրեցին ողջ հայկական սփյուռքի տասնամյակների գործունեությունը։ Բոլոր այն ջանքերը, աշխատանքը, ֆինանսական լուրջ ծախսերը, որ կատարվել են հայկական հարցի բարձրացումն արտերկրում իրականացնելու, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետություններում ապահովելու ուղղությամբ։ Բոլորովին այն տեսակետին չեմ, թե սփյուռքը, այս ամենը տեսնելով, լռելու է, արդեն իսկ ահազանգեր կան սփյուռքյան մեր համայնքներից, որ դրսում ապրող հայությունը, որը հայ ժողովրդի մեծամասնությունն է այսօր, դեմ է Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությանը։ Համոզված եմ, որ այս ընդվզումն էլ իր հետևանքները թողնելու է հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» այսօրվա գործընթացի վրա։
-Բոլորը գրեթե միշտ խուսափում են այս հարցին պատասխանելուց. արդյոք Թուրքիայի համար շահավե՞տ են սահմանները բացելը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելը հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պայմաններով։
-Իմ կարծիքով` միանշանակ շահավետ է։ Ինչպես նշեցի, թուրքական կողմը սկզբունքորեն հասել է իր վաղեմի նախապայմանների քողարկված ամրագրմանն այս արձանագրություններում։ Արդեն իսկ կան հաշվարկներ, որ սահմանի բացման արդյունքում Թուրքիան նախնական հաշվարկներով 220 մլն դոլարի էլեկտրաէներգիա կարող է ստանալ Ռուսաստանից Հայաստանի միջոցով։ Բացի այդ, սահմանի բացումը Թուրքիային ձեռնտու է հատկապես այն առումով, որ, փաստորեն, վերագործարկվում է դեռևս ռուսական կայսրության ժամանակներից տարածաշրջանում ձևավորված կոմունիկացիոն համակարգը, և Թուրքիան դառնում է այդ համակարգի հիմնական օղակը։ Կարս-Գյումրի երկաթուղու բացմամբ Թուրքիան լուրջ տնտեսական ու կոմունիկացիոն ազդեցություն է ձեռք բերում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա և հնարավորություն է ստանում այդ երկաթուղով կապ հաստատել Վրաստանի, նրա միջոցով՝ Ադրբեջանի հետ, ինչն արդեն իսկ իր տնտեսական ծրագրերի իրականացման համար լուրջ խթան է։ Այսինքն՝ Թուրքիան, սահմանը բացելով, ոչինչ չի կորցնում, միայն շահում է ու դրանով հանդերձ նախաստորագրված արձանագրությունների վերջնական ստորագրմամբ ու դրանց հաստատմամբ Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում, կարողանում է բավարարել Հայաստանի հետ հարաբերություններում բոլոր նախապայմանները։ Ոչ ոք թող չկասկածի, որ եթե այդ արձանագրությունները ստորագրվեն ու վերահաստատվեն, դրանց ազդեցությունը ղարաբաղյան հիմնախնդրի վրա հետագայում անխուսափելի է լինելու։ Այսօր էլ Թուրքիայի վարչապետն օրումեջ կրկնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման գլխավոր նախապայմանը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում «առաջընթացի» արձանագրումն է, այսինքն՝ հարցի լուծումը Ադրբեջանի օգտին։ Իսկ Էրդողանը, ի դեպ, Թուրքիայի փաստացի ղեկավարն է, որովհետև այդ երկիրն ավելի շատ նման է խորհրդարանական հանրապետության, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, նախագահի լիազորությունները սահմանափակ են։ Միաժամանակ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի համար միջոց է խաղից դուրս թողնելու տարածաշրջանային իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Իրանին։
-Նկատի ունեք, որ հայ-թուրքական երկաթգծի վերագործարկման պայմաններում հայ-իրանական երկաթուղու նախագիծը Զանգեզուրով չի՞ իրականացվի։
-Համենայն դեպս, դրա հավանականությունը շատ մեծ է։ Եթե Կարս-Գյումրի գիծը բացվի, էլ ո՞վ կմտածի հայ-իրանական երկաթգիծ կառուցելու մասին։ Ես ինքս Զանգեզուրից եմ, շատ լավ գիտեմ տարածաշրջանի ռելիեֆը։ Օբյեկտիվորեն այդ տարածքով երկաթուղի կառուցելը շատ դժվար ու շատ թանկարժեք հաճույք է։ Մեղրի-Կապան ավտոմայրուղին ընդամենը 36 կմ երկարություն ունի, բայց բարձրանում է մինչև 2000 մետր։ Ժամանակին, դեռ խորհրդային շրջանում, ծրագիր կար 3,5 կմ երկարությամբ Մեղրի-Քաջարան ավտոմոբիլային թունել կառուցել, և այն ժամանակ այդ նախագիծը գնահատվում էր 70 մլն ռուբլի։ ԽՍՀՄ-ի փլուզումը կասեցրեց այդ նախագծի իրագործումը։
Սակայն երկաթուղի կառուցելը, մանավանդ երկաթուղային թունելների կառուցումը, շատ ավելի բարդ, աշխատատար, հետևաբար և ծախսատար գործընթաց է։ Լեռներով անցնող երկաթուղիների բեռնափոխադրումների ծավալներն էլ մեծ չեն։ Համեմատության համար նշեմ, որ եթե ցարական ժամանակներում կառուցված մեր Լոռվա երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը մեկ գնացքի համար ամենաշատը 20 վագոն է, ապա ժամանակին Նախիջևանից Մեղրի և այնտեղից Ադրբեջան անցնող երկաթուղով յուրաքանչյուր շարժակազմը 60 վագոն էր։ Ահա այսպիսին է տարբերությունը։ Կարս-Գյումրի երկաթուղին էլ, ժամանակակից չափանիշներով վերակառուցելու պարագայում, կարող է ունենալ այդպիսի թողունակություն։ Բայց այդ դեպքում այլևս ո՞վ է մտածելու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին։ Կարծում եմ, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» այս գործընթացում բոլոր վերոնշյալ հանգամանքները լավ հաշվարկել է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ